Սոմալեցի ծովահենները նոյեմբերի 26-ին հայտարարել են 24 ուկրաինացի ծովայիններով հունական «Արիանա» բեռնանավի ազատ արձակելու մասին։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով ծովահեններից մեկին, մոտ ժամերս նավը կարող է ճանապարհ ընկնել։

Անձնակազմի ազատ արձակումը տեղի է ունցել երկար բանակցություներից հետո։ Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով, ծովահենները 3.5 մլն դոլարի փրկագին են ստացել։

Սակայն այս տեղեկությունը չեն հաստատում ո՛չ հունական lloseans Shipping ընկերության ներկայացուցիչները, որին պատկանում է նավը, ո՛չ ուկրաինական կողմը։

Ուկրաինայի քաղաքացիների ազատագրման լուրը չի հաստատում նաեւ երկրի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ 35 հազար տոննա սոյայով բեռնված նավը Բրազիլիայից Իրան էր ուղեւորվում եւ ծավահենների կողմից զավթվել էր մայիսի 2-ի գիշերը։ Նավն ազատ արձակելու համար ծովահենները 10 մլն դոլարի փրկագին էին պահանջել։

«Արիանայի» գերիների թվում էին երկու կանայք, որոնցից մեկը, ծովահենների կողմից բռնաբարվելուց հետո, վիժել էր եւ այժմ ծայրահեղ ծանր վիճակում է։ Բացի այդ, իսպանական Alakrana նավի նավապետը, ով «Արիանային» պարեն եւ դեղամիջոցներ էր փոխանցել, պատմել է, որ նավի վրա մի 12-ամյան աղջիկ կա, ում եւս մի 14-ամյա ծովահեն բռնաբարել է, հայտնում է TCH.ua-ն։