Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նոյեմբերի 26-ին ժամը 18-ին ավարտվել է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Փաստաթղթեր ներկայացրել են 4 թեկնածուներ:
Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու «Ազգային Միաբանությունից» Արա Սիմոնյանը:
Առաջադրված մյուս թեկնածուներից երկուսը՝ դերասան Վլադիմիր Կոստանյանն ու դաշնակցական Ռաֆայել Այվազյանը ինքնաբացարկ են ներկայացրել, իսկ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին 5 տարվա մշտական բնակության տեղեկանք ոստիկանությունը չի տրամադրել: Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանն էլ խոստացել է հանել իր թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին:
Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:




























