Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը Հարիրիին շնորհավորել է վարչապետի բարձր պաշտոնը ստանձնելու եւ Լիբանանի Անկախության 66-րդ տարեդարձի կապակցությամբ, եւ նշել, թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը մշտապես բարձր են գնահատել Լիբանանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը, Հարիրի ընտանիքի ջերմությունն ու բարյացակամ վերաբերմունքը Հայաստանի եւ լիբանանահայության հանդեպ: Վարչապետ Հարիրիի հավաստմամբ, Լիբանանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
Զրուցակիցները համաձայնել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնք ունեն բարեկամության եւ սերտ համագործակցության երկար տարիների բարի ավանդույթներ, պետք է զարգանան դինամիկ եղանակով: Նրանց համոզմամբ, անհրաժեշտ է մոտ ժամանակներում վերսկսել միջկառավարական հանձնաժողովի նիստերը, իրականացնել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, կազմակերպել համաժողովներ՝ երկու երկրների գործարարների մասնակցությամբ:




























