Ադրբեջանի իշխանությունները, որ համառորեն փորձում են խոչընդոտել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի իրենց համար ոչ ձեռնտու հունով ակտիվ առաջընթացին, ակնհայտ է, որ մտադիր են ամբողջությամբ վերանայել իրենց երկրի արտաքին քաղաքական ուղղությունը: Միայն այդ կերպ կարելի է բնութագրել վերջին ամիսներին Ադրբեջանի սկսած մերձեցումը Ռուսաստանի հետ՝ ի դեմս որի Բաքուն մոտ մեկուկես տասնամյակ տեսնում էր ղարաբաղյան պատերազմում իր պարտության գլխավոր մեղավորին: Խորամանկ թյուրք-ադրբեջանական դիվանագիտության համար դա որեւէ դժվարություն չի ներկայացնում , այնպես, ինչպես պետական-քարոզչական մեքենայում ելակետերի վերանայումը:

Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 26-ի նիստում մի շարք կարեւորագույն հայտարարություններ են հնչել, որ վկայում են, թե որքան հեռուն է պատրաստ այդ երկիրը գնալ իր արտաքին քաղաքական կուրսի փոփոխման գործում: Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորներ միաժամանակ հանդես են եկել Ռուսաստանի հետ համագործակցության խորացման օգտին, ինչը, նրանց կարծիքով, Բաքվի համար կապահովի ղարաբաղյան հակամարտության հաջող լուծումը: Այդ համատեքստում հնչել է բավական կոնկրետ առաջարկ՝ վերանայել Ադրբեջանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը:
Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմություն գործնականում գոյություն չունի, եւ օրենսդիր մարմինն ամբողջությամբ վերահսկվում է Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմի կողմից, կարելի է միանշանակ խոսել Արեւմուտքին հերթական անգամ շանտաժի ենթարկելու փորձերի մասին:

Դեպի Ռուսաստանի Ալիեւի քաղաքականության շեղումը սկսեց ուժգնանալ ԱՄՆ նախաձեռնությունների հետ զուգահեռ, որ միտված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի նախագահի վերջին այցը Ուլյանովսկ հանգեցրեց Ալիեւի եւ Մեդվեդեւի փոխադարձ սիրո եւ հավատարմության դրսեւորումների, որն իրականում չկա:

Ողջ կատարվածից ակնհայտ է դառնում, որ Կրեմլն իր համար վտանգավոր մի խաղ է սկսել, որի նպատակն է ամրանալ Հարավային Կովկասում: Հայաստանի իշխանությունների բազմամյա ռուսամետ քաղաքականության պատճառով Մոսկվայում, թերեւս, որոշել են միակ դաշնակցի հավատարմությունը հավերժ եւ անքակտելի է: Իսկ եթե այդպես է, կարելի է հաճախակիացնել Ադրբեջանի հետ սիրաշահումները, որը պատրաստ է նետվել Ռուսաստանի գիրկը՝ միայն թե խուսափի ղարաբաղյան հարցում իր համար աննպաստ զարգացումներից:

Իհարկե, պետք չէ գերագնահատել Ադրբեջանի նախագահի սպասելիքները Ռուսաստանի հետ մերձեցումից: Դմիտրի Մեդվեդեւն արդեն նշել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումների լիակատար համընկնումը: Հենց աշխարհաքաղաքական խաղացողների նման կոնսենսուսն էլ բերեց բանակցային գործընթացի ակտիվացման: Սակայն, մյուս կողմից, Կրեմլն իր չմտածված քայլերով կարող է Հայաստանի իշխանություններին մղել Արեւմուտքի կողմը, առավել եւս, եթե ամեն ինչ այս կերպ էլ շարունակվի, Երեւանին այլ բան չի էլ մնա:

Վերջիվերջո, չպետք է մոռանալ, որ Հայաստանը, մտնելով ՀԱՊԿ-ի մեջ, փորձում էր իրեն ապահովել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնարավոր ագրեսիայից: եթե ՀԱՊԿ-ը չի կարող լուծել այդ խնդիրը, Հայաստանին պետք է լրջորեն մտածել այլ ռազմական դաշինքների մետ մերձենալու մասին:



Իվան Ղարիբյան