ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը` 2012թ. նոյեմբերի 6-ին, Կոլորադո նահանգը եւս մեկ ոչ պակաս կարեւոր հարց կքննարկի` մարիխուանայի օրինականացման հարցը: Նահանգային իշխանությունները հանրությանը հուզող հարցի վերաբերյալ հանրաքվեի անցկացման թույլտվություն են տվել:

Կոլորադոն այն 16 նահանգներից մեկն է, որտեղ բժշկական նպատակներով թույլատրվում է կանեփի օգտագործումը. այն կարելի է օրինական կերպով գնել բժշկական բաղադրատոմսով:  Նահանգում մարիխուանայի գրանցված գնորդների թիվը 80 հազարից ավելի է:

Այժմ խոտի սիրահարները ուզում են այն անձնական օգտագործման համար ձեռքբերման եւ պահպանման թույլտվություն ստանալ:

Օրինականացման կողմնակիցները հանրաքվեի անցկացմանը միանգամից չեն հասել: Սկզբում նրանք 163 հազար ստորագրություններ են հավաքել, բայց նահանգային իշխանությունները այդ թիվը բավարար չեն համարել: Այդ ժամանակ շտապ կարգով եւս 14 հազար ստորագրություն են հավաքել, եւ լրացուցիչ վերանայումից հետո Կոլորադոյի իշխանությունները հանրաքվե անցկացնելու համաձայնություն են տվել:

2006թ. Կոլորադոյում մարիխուանայի   օրինականացման հանրաքվե արդեն անցկացվել է, բայց այդ ժամանակ քվեարկողների մեծամասնությունը դեմ էր քվեարկել, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: