Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին խնդրել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշել Հայաստանի ցանկությունը` առավել ամրապնդել եւ զարգացնել հարաբերությունները բարեկամ Ճապոնիայի հետ:
Էդվարդ Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Տոկիո իր այցելության նպատակները եւ նախօրեին ունեցած հանդիպումների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը ընդլայնելու եւ խորացնելու համար:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույցներ է տվել ճապոնական առաջատար NHK հեռուստաընկերությանը եւ Nikkei օրաթերթին:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Շիմիզու կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել կորպորացիայի ղեկավարության հետ:
Հանդիպմանը քննարկվել են կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 27-ին ավարտել է այցելությունը Ճապոնիա եւ ուղեւորվել Երեւան:




























