Հայաստանի արդարադատության նախարարությունում նախարար Գեւորգ Դանիելյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերող տեղեկատվության հիման վրա:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը NEWS.am-ին հայտնեց, որ ծառայողական քննությունն է որոշելու՝ որքանով է լուսանկարը համապատասխանում իրականությանը, եւ դատապարտյալների պահման ռեժիմի ինչ խախտումներ են կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ լուսանկարում պատկերված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների խուցը, իսկ նկարում նշված անձինք «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանն են, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին, եւ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը: Ըստ թերթի՝ ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն էլ` դատապարտյալների խցում:

Լուսանկարը՝ «ՀԺ»-ի