Հայաստանի եւ Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց Հայաստանը միեւնույն ժամանակ ցանկանում է, որ տնտեսական հարաբերությունները խորանան եւ ընդլայնվեն։ Այդ մասին Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ նոյեմբերի 27-ին կայացած հանդիպմանը հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանն, իր հերթին, կառավարության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը։ Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին։ Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը։
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ։




























