«Երեկ նոյեմբերի 26-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գ. Կարասինը ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջ. Բայերլիին: Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների հետ իրենց հարաբերությունների հարցը, Կովկասում տիրող իրավիճակը եւ ԼՂ կարգավորման ընթացքը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից ԼՂ խնդրի քննարկումից հետո այն քննարկվելու է նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցելության եւ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ: Թուրք վերլուծաբանները նշում են, որ Էրդողանը փորձելու է համոզել Օբամային, որպեսզի նախքան Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը՝ առաջընթաց գրանցվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ Էրդողանը Ադրբեջանում հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ԼՂ խնդրում առաջընթաց արձանագրվելու դեպքում, եւ պետք է ամեն ինչ անի իր խոսքի տերը լինելու համար:
Թուրք փորձագետները, սակայն վստահ չեն, որ Էրդողանին կհաջողվի համոզել Օբամային, որպեսզի նա ճնշում գործադրի հայկական կողմի վրա եւ զիջումներ պարտադրի ԼՂ հարցում։




























