Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ՝ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ է մշակվելու:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը NEWS.am-ին հայտնեց, որ հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` նոյեմբերի 27-ին կայացած նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է 2010թ. մայիսին հայեցակարգը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:

Երկրի ազգային անվտանգության ապահովման գործում կարեւորելով քաղաքացիական պաշտպանության` ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգի ընդունումը կիրառական նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար:

Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում:

Մայրաքաղաքում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ։