ՎՈՒԱՄ-ի անդամ երկու երկրների միջեւ սկանդալ է սկսվել: Կիեւը պահանջում է, որպեսզի Քիշնեւը Ուկրաինային տա այն տարածքը, որով ուկրաինական մի բնակավայրը միանում է մյուսին, բայց` Մոլդովայի տարածքով:

Ընդ որում ուկրաինացիները հայտարարում են, որ Մոլդովան խախտում է ստորագրված պայմանագիրը, եւ խոստանում են դրա համար պատժել Մոլդովային` այսինքն մոլդովացիների Ուկրաինա մտնելիս նրանք պետք է իրենց հետ ունենան առնվազն հազար դոլար, կամ փաստաթուղթ, որ իրենց ընդունող կողմը ունի բավարար միջոցներ հյուր ընդունելու համար:

Ուկրաինան դեռ ամռանը զգուշացրել է Մոլդովային՝ սահմանը հատելու նոր կանոնների մասին, բայց Մոլդովայի խնդրանքով հետաձգել է այդ կանոնների կիրառումը: Քանի որ վերջերս Ուկրաինայի անվտանգության խորհրդի միանգամից երկու անդամ հայտարարեցին, որ պետք է այդ կանոնները ուժի մեջ մտցնել, Մոլդովան իր ԱԳ փոխնախարար Անդրեյ Պոպովի գլխավորությամբ պատվիրակություն գործուղեց Ուկրաինա:

Պոպովը ներկայումս բանակցում է իր ուկրաինացի գործընկերների հետ, հույս ունենալով, որ խնդիրը հնարավոր է լուծել առանց բացասական հետեւանքների: Սակայն Կիեւում այդքան էլ չեն վստահում մոլդավական կողմի հավաստիացումներին, քանի որ Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Օդեսա-Ռենի մայրուղին Ուկրաինային հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է դեռեւս 10 տարի առաջ, ավելին, ուկրաինացիները մոլդովացիներին թույլ են տվել ելք ունենալ դեպի Սեւ ծով:

Այդուհանդերձ, Մոլդովայի ԱԳՆ-ի միջազգային նախագծերի գլխավոր վարչության պետ Եվգենի Ռեվենկոն հավաստիացրել է, որ հիշյալ պայմանագրում նշված չէ մայրուղու տակ գտնվող հողը Ուկրաինայի սեփականությանը հանձնելու վերաբերյալ:

Կողմերի միջեւ սկանդալն սկսվել է այն բանից հետո, երբ այս պատմությունը սկսել են լուսաբանել լրատվամիջոցները: Միաժամանակ կրակի վրա յուղ է լցրել Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը՝ հայտարարելով, որ ուկրաինացիները կատարել են իրենց պարտականությունները, իսկ Մոլդովան չի ավարտել պայմանագրի դրույթների կատարումը: