Լոս Անջելեսի Nate D. Sanders աճուրդի տունը ոսկե 15 «Օսկար» արձանիկների վաճառքից 3 միլիոն դոլար է ստացել:
Ամենաթանկարժեք լոտը դարձել է 1942թ. Հերման Ջ.Մանկեւիչի ստացած «Օսկարը»` «Քաղաքացի Քեյն» ֆիլմի համար` լավագույն սցենար անվանակարգում: Դրա համար վճարել են 588,5 հազար դոլար:
1942 թվականին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ինչ կանաչ էր իմ արահետը» ֆլիմի «Օսկարի» համար վճարել են 274,5 հազար դոլար: Հատկանշական է, որ այդ արձանիկն արդեն հայտնվել էր աճուրդում 2004 թվականին, եւ այն ժամանակ նրա համար տվել էին ավելի քիչ` 95,6 հազար դոլար:
Աճուրդի էին հանվել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից պարգեւատրված «Կավալկադա», «Սքիփի», «Ամրոպային ոլորան», «Երկակի կյանք» եւ «Ինչքան շատ, այնքան ուրախ» ֆիլմերի մրցանակները, գրում է «Պոդրոբնոստին»:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան իր դժգոհությունն էր հայտնել արձանիկներն աճուրդի հանելու գաղափարի վերաբերյալ, հայտարարելով, որ այդ մրցանակներին «պետք է արժանանալ, եւ ոչ թե ձեռք բերել»:
ԱՄՆ-ում գործում է մի կանոն, ըստ որի` Օսկարի մրցանակակիրները եւ նրանց ժառանգները մրցանակի վաճառքի մտադրության դեպքում այն պետք է առաջարկեն Ակադեմիային նվազագույն գնով: Սակայն այդ կանոնը մտցվել է 1950 թվականին եւ հետադարձ ուժ չունի: Մինչեւ 1950 թվականը ձեռքբերված արձանիկները մշտապես աճուրդի են հանվում:




























