Փետրվարի 29-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունիից մոտ 14 կմ հեռավորության վրա)` Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ են մնացել «ԿամԱԶ» մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել եւ փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են եւ խնդրել իրենց սնունդ հասցնել:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել:

Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ եւ դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են:

Ժամը 01.00-ի սահմաններում «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, եւ բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր: