NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղի գանձապահի ինքնասպանության գործից: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին էսենցիա խմելու միջոցով ինքնասպանություն էր գործել գանձապահ Անդրանիկ Մանուկյանը: Վերջինիս գտել էին Աբովյան-Ջրաբեր ճանապարհահատվածին` ծառերի տակ ընկած: Երբ տեղափոխել էին Աբովյանի հիվանդանոց, պարզվել էր, որ նա մի քանի շիշ էսենցիայի լուծույթ է խմել: Այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել էր:

Այս մահվան դեպքից հետո ուշագրավ բացահայտումներ եղան իր աշխատանքի հետ կապված: Նույն օրը երեկոյան, երբ տարածվել էր նրա ինքնասպանության լուրը, «Հայփոստի» ղեկավարությունը հանձնաժողով էր կազմել եւ գույքագրում կատարել դրամարկղում, որի ընթացքում Անդրանիկ Մանուկյանի մոտ 17 միլիոն դրամի պակասորդ էր հայտնաբերվել:

Քրեական գործ էր հարուցվել յուրացման փաստով, եւ ինքնասպանությունը քննվում է այդ գործի շրջանակներում:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ ինքնասպանությունից օրեր առաջ, Գողթնի ու Գառնիի բաժանմունքների աշխատակիցները Կոտայքի մասնաճյուղի գլխավոր դրամարկղից պարկով կանխիկ գումար են ստացել եւ մուտքագրել տարածքային դրամարկղեր, սակայն պարկի պարունակությունը կից փաստաթղթում նշված գումարի ուղիղ կեսի չափ է եղել, ինչի մասին Գողթնի եւ Գառնիի մասնաճյուղերի աշխատակիցները տեղյակ չեն պահել: Նրանք իրենց մասնաճյուղում փաստաթղթավորել են թղթում նշված գումարը: Այսինքն, նախապես տեղյակ են եղել, որ իրական գումարի ու թղթում նշված քանակի միջեւ մոտ երկու անգամ տարբերություն կա, սակայն չեն ասել:

Օրերս էլ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի մասնաճյուղի` Աբովյանի ու Գառնիի բաժանմունքերի երկու գանձապահ կին օպերատորներ ինքասպանությունից մեկ օր առաջ գումարի պարկեր են ստացել, կից փաստաթղթով: Սակայն պարկերից մեկի պարունակությունը եղել է մի քանի հարյուր դրամ, մյուսն էլ դատարկ է եղել, մինչդեռ պարկին կից փաստաթղթում մի քանի հարյուր հազար դրամ է նշված եղել, նրանք էլ դրամարկղ են մուտքագրել փաստաթղթում ամրագրված գումարը:

NEWS.am-ի հարցին, թե պակասորդը որքանո՞վ է կապված ինքնասպանության հետ, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ քննություն է կատարվում, եւ նախաքննության շահերից ելնելով` այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել: