Հանքաքարի ջարդող-տեսակավորող սարքավորումը չի տեղակայվի Սոթքի ոսկու հանքավայրում, եթե բնապահպանական փորձաքննությունը բացասական լինի: Այդ մասին այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագաին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նաեւ բացառեց, որ Արարատի ոսկու վերամշակման գործարանը կտեղափոխվի Սոթք` հանքավայրին մոտ:

Վլ. Մովսիսյանի խոսքով`  Սեւանի մաքրման ուղղությամբ իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնք արդյունք են տալիս: Այսպես` լճի լուսաթափանցելիությունը հասել է 8-11 մետրի, նախկին 4-5 մետրի համեմատ: Սակայն, ըստ Մովսիսյանի, այդ «երերուն ցուցանիշը» կրկին կվատթարանա, եթե մաքրման աշխատանքները պատշաճորեն չշարունակվեն: Մասնավորապես` Սեւանի շուրջ կառուցվում են կոյուղաջրեր, մաքրիչ կայաններ, իրականացվում են ափամաքրմա աշխատանքներ: Վլ. Մովսիսյանի խոսքով` 1048 հա ափ է մաքրվել, թեեւ որակն իրեն չի բավարարում: