«Ժառանգություն» կուսակցությունն այսօր` մարտի 2-ին, կայացած 7-րդ համագումարում չի քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, նաեւ դաշինքով մասնակցել-չմասնակցելու խնդիրը:

«Ժառանգության» համագումարն այսօր բանաձեւ ընդունեց, որով որոշում կայացրեց «գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հանուն նոր Հայաստանի ու սերնդափոխիչ նոր իրագործումների, եւ լի քաղաքացիական ազգային իշխանություն ձեւավորելու վճռականությամբ» «կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրություններից մինչեւ հրապարակային միասնություն»:

Կուսակցությունը որոշել է խորհրդի նիստ հրավիրել մարտի 18-ին` նրան օժտելով առաջիկա ընտրությունների առնչությամբ որոշումներ ընդունելու իրավասությամբ, եւ լիազորել վարչության նախագահին (Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ.) խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրելու կուսակցության հերթական համագումար` ղեկավար մարմինների ձեւավորման եւ օրախնդիր այլ հարցերով: