Ադրբեջանի Գուբայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Bia.az կայքը` վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմինների իր աղբյուրները:

Աղբյուրը հայտնում է, որ մարտի 1-ի գիշերը Հաբիբովին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տեղափոխել են Բաքու: Ներկայումս հայտնի չէ նրա գտնվելու ստույգ վայրը:

Նշենք, որ Հաբիբովի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա:

Իր հերթին, ադրբեջանական Mediaforum.az կայքի աշխատակիցները փորձել են կապ հաստատել Հաբիբովի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանել է նրա կինը, ով հայտնել է, որ ամուսինն արյան ճնշում ունի, իրեն վատ է զգում, դրա համար էլ չի կարող պատասխանել լրագրողների հարցերին: Նա նաեւ նշել է, որ ինքը եւ ամուսինը այժմ Բաքվում են գտնվում, իսկ նրանց երեխաները ընդհանրապես Ադրբեջանում չեն:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր` մարտի 2-ին, հրամանագիր է ստորագրել Ռաուֆ Հաբիբովին Գուբայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնից ազատելու վերաբերյալ, գրում է APA-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Գուբայի շրջանում լարված իրադրությունը պահպանվում է, ոչ պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարվել:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ին, Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: