Ուժեղ եւ երկարատեւ ձյան, ինչպես նաեւ գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով՝ մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում, մարտի 4-ին ժամը 22:35 «Երեւան» կայարանից մեկնած եւ մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երեւան-Թբիլիսի գնացքի 45 ուղեւորները ստիպված էին գիշերել վագոններում: Ուղեւորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:
Մարտի 5-ին ժամը 8:30-ին Երեւան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց «Երեւան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղեւորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղեւորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղեւորները կարող են օգտվել գնված տոմսերից Երեւան-Թբիլիսի գնացքի երթեւեկության վերականգնումից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման եւ գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տեւած մաքրման աշխատանքներին մասնակցում էր հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը եւ «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նշենք նաեւ, որ նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում մոտակայքում անցնող ավտոճանապարհում:
Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են՝ Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան:




























