Պետությունը կերաշխավորի ուսումնարաններում, քոլեջներում երիտասարդների կրթության ֆինանսավորումը: Այս մասին, մարտի 4-ին, Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Առողջապահության բնագավառում կշարունակվի ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդարձնի քաղաքացիների համար: Պետությունը կֆինանսավորի սրտի վիրահատությունը եւ օնկոլոգիական թանկարժեք բուժօգնությունը:
Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարութուն ծնող պատճառների վերացման համար: Սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների անդամների կրթական ծախսերը եւս կիրականացնի պետությունը, իսկ աշխատունակ անձանց համար կստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա լուծել իր կենցաղային խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տարածքների համաչափ զարգացման նպատակով պետությունն առաջին հերթին ֆինանասական միջոցներն ուղղելու է մարզեր: «Պետական, վարչական, տնտեսական բազմաթիվ ֆունկցիաներ այսօր կենտրոնացած են Երեւանում: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը եւ ֆինանսական միջոցներն ուղղենք մարզերի զարգացմանը, միաժամանակ, բեռնաթափելով Երեւանը: Քաղաքները պետք է ունենան մասնագիտացում, որն էլ կնպաստի մարզերի առաջանցիկ տեմպերով զարգացմանը»,- նշել է վարչապետը:


























