Աղվերանում, մարտի 10-11-ին, կկայանա Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության կազմակերպած 3-րդ «Առանց փողկապների» հանդիպումը։ Արդեն ավանդական դարձած հանդիպմանը այս տարի եւս ներկա են գտնվելու Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպություններ, տեղական արտադրողներ, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ։

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են լինելու ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, առողջապահության, ինչպես նաեւ տնտեսական ու իրավական ոլորտները կանոնակարգող գերատեսչությունների ղեկավարներ, դեղաքաղաքականության ու դեղորայքային անվտանգության պատասխանատուներ։

ԴԱՆ միությունը նախատեսում է ոլորտի ներկայացուցիչներին միավորել «կլոր սեղանի» շուրջ եւ ոչ պաշտոնական պայմաններում քննարկել իրենց գործունեության հետ կապված խնդիրները, վեր հանել ոլորտի զարգացման խոչընդոտները: Հատուկ ձեւավորված աշխատանքային խմբերը կհամակարգեն բոլոր դիտարկումներն ու առաջարկները։ Հանդիպման ընթացքում ներկայացվելու է ԵՄ ՊԲԳ ներդրման գործընթացը, ժամանակացույցը, Դեղերի մասին նոր օրենքի եւ դեղարարության ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ՀՀ Դեղագործության ոլորտի արտահանման ռազմավարական ծրագրի հաջորդականությունն ու նախանաշված քայլերը, Հայաստանի մաքսային ու հարկային բարեփոխումները։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկումներ կազմակերպել, իրենց հուզող հարցերն առաջադրել պատկան մարմինների պատասխանատուներին։