Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը մտադիր է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, սակայն դեռ չի հստակեցրել, թե որ ընտրատարածքում: Նա սպասում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից թեկնածուի առաջադրմանը, որպեսզի չխանգարի նրան: Այդ մասին, այսօր` մարտի 5-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ինքը` Արշակյանը:
Նրա խոսքով, ինքը մտադիր չէ համալրել ՀԱԿ-ի շարքերը եւ առաջադրվել համամասնական ընտրակարգով, եթե անգամ առաջարկեն. «Այդ ընտրատարածքներից մեկում կարող է առաջադրվել Սմբատ Այվազյանը: Չեմ ցանկանում խանգարել նրան»:
Որպես քաղաքականություն վերադառնալու պատճառ նա ընդգծել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի բարձր ցուցանիշը վերջին 20 տարում, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անթույլատրելի պահվածքը. «ժողովուրդը գտնվում է հոգեբանական փոսում, պետք է վերադարձնել հավատը ժողովրդին, եւ ես տեսնում եմ ուղին, թե ինչպես կարելի է անել դա»:
Արշակյանը չի թաքցրել, որ կա նաեւ անձնական շահը: «Երբեմն ստիպված էի անձնական հարցերով դիմել այս կամ այն պաշտոնյային, եւ միշտ խոչընդոտը բազմաթիվ քարտուղարուհիներն ու ինձ չլսելու պաշտոնյաների ցանկությունն էր: Միակ մարդը, ով չի հրաժարվել զրուցել ինձ հետ, Սեյրան Օհանյանն է, մինչդեռ Վլադիմիր Գասպարյանը խուսափում է իմ հետ շփվելուց»,- ասել է Արշակյանը:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հավաստիացրել է, որ երեք անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն ոչ մի անգամ `անձնական շարժառիթներով. «Միգուցե հանգամանքը, որ պատգամավոր եմ, ազդել է իմ որդիների նկատմամբ իշխանությունների բարեհաճ վերաբերմունքի վրա, միգուցե եւ` ոչ»:




























