Այսուհետեւ գործ կունենանք այլ Ռուսաստանի հետ: Նման կարծիքին է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր` մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով երեկ տեղի ունեցած Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին` Իսկանդարյանը նշել է, որ սխալվել է 10 տոկոսով` կանխատեսելով, որ Պուտինը կհավաքի ձայների 55-ից 57 տոկոսը, սակայն ներկա պահին հայտնի է, որ նա հավաքել է 65 տոկոս:

«Հասկանալի է, թե դա ինչպես է տեղի ունենում. ազդանշան է տրվել, ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող մարդիկ մոբիլիզացվել են, տեղերում մարդիկ կարող են ավելի շատ ջանք գործադրել, քան իրենցից պահանջվում է»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ ակնհայտ են իշխանության նյարդային վիճակի նշանները: Նրա խոսքով, Պուտինը շեշտը դրել է ազգային հանրապետությունների, բյուջետային աշխատողների, ավագ սերնդի եւ ոչ այնքան կիրթ մարդկանց վրա: Կարծիք հայտնելով, որ գործը հազիվ թե հասնի հեղափոխական գործողություններին` փորձագետը, այդուհանդերձ, նշել է, որ Ռուսաստանում իրադրությունը արմատապես կփոխվի: «Ավտորիտար առաջնորդ` թույլ լեգիտիմությամբ եւ ավտորիտար առաջնորդ` ուժեղ լեգիտիմությամբ. այստեղ մեծ տարբերություն կա»,-նշել է Իսկանդարյանը:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հետագայում եւս կենտրոնանալու է արտաքին խնդիրների լուծման վրա, ինչը կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ, եւ լուրջ զարգացումներ կարելի է ակնկալել մոտ ապագայում: Նրա խոսքով, կարելի է ակնկալել նաեւ, որ դրսից կհայտարարեն, որ ընտրությունների արդյունքները ընդունելի չեն եւ զանգվածային խախտումներ են տեղի ունեցել: «Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանի իշխանությունները:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ընդդիմությանը (քանի որ խոսքը ոչ թե ընդդիմության, այլ քաղաքացիական բողոքի մասին է), ապա այն արել է ամեն հնարավորը, որ իրադրությունը հենց այսպես դասավորվի»,-նշել է Իսկանդարյանը` հավելելով, որ դա դեռ սկիզբն է: «Պտուղները» կհայտնվեն սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման տեսքով, միջոցներն ավարտվել են, իսկ օրակարգում հսկայական նախագծեր են, նշել է փորձագետը:

Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է բարեփոխումներ անցկացնի թոշակային համակարգում, որը ստվերային բյուջեի օրինակ է: Իսկանդարյանի ներկայացմամբ, հավանաբար թոշակառուի տարիքը կփոփոխվի:

Քաղաքագետը նկատեց նաեւ, որ այսօր Ռուսաստանում վտանգավոր կարգախոսներ են հնչում, ինչպիսին է օրինակ, «բավական է կերակրեք Կովկասը»: