Նախնական տվյալներով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինը հանդիպման է հրավիրել նախընտրական պայքարում իր հակառակորդներին: Կառավարության ղեկավարի հետ հանդիպման է ներկայացել գործածար Միխայիլ Պրոխորովը, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիրմիր Ժիրինովսկին եւ «Սպրավիդլավայա Ռոսսիա»-ի նախագահ Սերգեյ Միրոնովը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Գենադի Զյուգանովը հրաժարվել է հանդիպել վարչապետի հետ: Նա հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը եւ իմաստ չի տեսնում հաղթողին շնորհավորելու մեջ:
Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ կոչ է արել մյուս թեկնածուներին գործել միմյանց տեղյակ պահելով` երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
«Ինչ-որ մեկն ավելիին է հասել, քան ակնկալում էր, ինչ-որ մեկը սպասվածից քիչ ձայներ է ստացել, բայց կարեւոր դա չէ: Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր քվեարկել են ձեր օգտին եւ նրանք մեծ թիվ են կազմում»,-ասել է Պուտինն ու շարունակել. «Ես հայտարարել եմ, որ պետք է միասին աշխատել` միավորել ջանքերը, որպեսզի ավելի արդյունավետ լուծենք խնդիրները, որոնք ծառացել են երկրի առջեւ»:
Նշենք, որ Ժիրինովսկին ճանաչել է ընտրությունների արդյունքները` հայտնելով, որ անձամբ մասնակցել է ձայների հաշվման գործընթացին եւ տեսել, թե ինչպես է աճում Պուտինի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը: Պուտինին շնորհավորել է նաեւ Միրոնովը:
Պրոխորովը որեւէ հայտարարություն չի արել ընտրությունների ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ: Նա հայտնել է, որ ընտրություններն ի սկզբանե արդար չեն եղել:



























