Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան շատ վատ վիճակում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով ճարտարապետական հուշարձան համարվող ՓԱԿ շուկայի տարածքում իրականացվող աշխատանքները:
«Կարող եք գալ եւ տեսնել: Արմատուրեքը տակից սաղ փտած են»,- նշեց Ալեքսանյանը: Հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք այնպես վերանորոգել, որ չխաթարվեր շուկայի տեսքն ու աղմուկ չբարձրանար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ուրեմն երկուշաբթի օրը խումբ է գալու` ուսումնասիրեն, թե ինչ վիճակում է շուկան»:
Ի դեպ, Փակ շուկայի սեփականատիրոջը 200 հազար դրամ տուգանել են կառույցի ամբողջականությունը խաթարելու համար: «Իրան-իրան քանդվում էր: Այստեղ 200 հազարի հարցը չէ, այլ այն, որ այդ հարցը պետք է լուծվի: Դա շատ վատ վիճակում էր, կա սեյմսիկի եզրակացությունը, որ վթարային շենք է»,- պարզաբանեց Ալեքսանյանը` նշելով, որ իրենց տուգանել են առանց համապատասխան փաստաթղթի վերանորոգելու համար: «Քանի որ ես էի այնտեղ, դրա համար տուգանեցին: Մենք մեր գործն ենք արել, որ մարդկանց վնաս չլինի, վաղը մեկը չմահանար»,- նշեց Ալեքսանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը շուկայի սեփականատեր «Թիվ մեկ շուկա» ընկերությունը ներկայացրել էր միայն շուկայի ստորգետնյա մասում շինարարություն կատարելու նախագիծ: Վերգետնյա մասում շինարարության մասին որեւէ նախագիծ ներկայացված չէ: Վարչական իրավախախտումների օրենսգրքի 154-րդ հոդվածով, պատմամշակութային կառույց հանդիսացող Փակ շուկայում առանց թույլտվության շինարարություն իրականացնելու համար ընկերությունը տուգանվել է 200 հազար դրամով:




























