Դեղերի արտադրությամբ զբաղվող «Նոկի» ընկերությունն արդեն 3 տարի է` դադարեցրել է Հայաստանից դեղերի արտահանումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն, գերմանահայ Հրայր Խոսրավյանը: Ընկերությունը հիմնվել է մոտ 20 տարի առաջ` գերմանական եւ ամերիկյան կապիտալով, Խարբերդի իրենց գործարանում արտադրում են ցավազրկողներ, հակաբորբոքիչներ, վիտամիններ:

Հ. Խոսրավյանը Հայաստանի տնտեսական դաշտը համարում է կոռումպացված, որտեղ առաջխաղացում կարող են ունենալ միայն քաղաքական կուսակցությունների եւ ազդեցիկ անձանց հովանավորությունը վայելող ընկերությունները; «Երբ 20 տարի առաջ Վիկտոր Համբարձումյանը մեզ հրավիրեց Հայաստան, բոլորը հարցնում էին` իսկ դուք «կռիշ» ունե՞ք: Միայն վերջերս հասկացա, թե դա ինչ է նշանակում, որովհետեւ աշխարհի ոչ մի այլ երկրում նման բանի չենք հանդիպել»,- ասաց Հ. Խոսրավյանը:

Նրա խոսքով` արտահանման համար մաքսային մարմիններույմ գումար են պահանջում, պարտադրում են աշխատել մաքսային բրոքերի հետ, որոնք անհիմն պահանջներ են առաջ քաշում: Դեղագործության ոլորտում, նրա կարծիքով, խնդիր է դեղի գրանցման ընթացակարգերի բարդությունը եւ բարձր վճարը: Նա օրինակ բերեց հարեւան Վրաստանին, որտեղ դեղի գրանցման վճարը 350 դոլար է, իսկ Հայաստանում` 300 հազ. դրամ (մոտ 800 դոլար): Բացի այդ, սփյուռքահայ գործարարի կարծիքով, Հայաստանում չեն խրախուսում դեղերի արտադրությունը, ինչպես անում են այլ երկրներում: Այդ պատճառով դեղերի ներկրումն ավելի շահավետ բիզնես է դարձել, քան արտադրության կազմակերպումը: