Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 30-ին հետաձգվել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատական նիստը:
Դատական նիստին չէր ներկայացել Շամշյանի փաստաբան Հովիկ Արսենյանը, նաեւ լրագրողը դատարանին միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ բորբոքվել է իր աչքը, եւ նա այժմ բուժօգնություն է ստանում:
Դատավոր Մխիթար Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 11-ը, ժամը 10:00-ն:
Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանին դատապարտել էին 350 հազար դրամ տուգանքի՝ դատավոր Գագիկ Ավետիսյանին վիրավորելու համար: Վերաքննիչ դատարանը մեկ անգամ անփոփոխ էր թողել դատավճիռը, բայց մի քանի օր անց Շամշյանին համաներմամբ ազատել էր պատժի կրումից՝ ակնհայտ ապօրինություն կատարելով: Լրագրողը հրաժարվել էր համաներումից, եւ Վճռաբեկ դատարանը բեկանել էր վերաքննիչի որոշումը: Լրագրողն արդեն վճարել է 350 հազարից 200 հազարը եւ պատրաստ է վճարել մնացած 150 հազարը, սակայն այլընտրանքային պատիժների կատարման բաժինը միջնորդություն է ներկայացրել գումարի փոխարեն Գագիկ Շամշյանին հանրօգուտ աշխատանքներում ներգրավելու մասին:
Շամշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ, իրեն «հանրօգուտ աշխատանքների» դատապարտելով, փորձում են ժամանակավորապես զրկել մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:




























