Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը սեպտեմբերից վերադառնալու է գործարարությանը: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ նոր բիզնեսներ է «դնելու», իսկ այժմ զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ:

Իսկ թե ի՞նչ միջոցներով է նոր բիզնես սկսելու, պատգամավորը բացահայտեց. «Իմ գումարներով, որն աշխատել եմ այն ժամանակ, երբ դու չէիր ծնվել, պատգամավորական աշխատավարձով»:

Անդրադառնալով իր կուսակցական գործընկերներին՝ նա նշեց, որ նրանց մասին չի ցանկանում կարծիք հայտնել: Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանին, ինչին նա արձագանքեց. «Ո՞վ է Խաչիկ Ասրյանը, չեմ ճանաչում»: Իսկ երբ տեղեկացավ, որ նա սպորտի հարցերով փոխնախարար է, նշեց, որ, սպորտի նախարարությունից միայն Արսեն Քարամյանին է ճանաչում, նախարարին էլ չգիտի:

Անդրադառնալով իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին, Ռ. Հայրապետյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենց միջեւ հակասություններ չկան, շատ ջերմ հարաբերությունների մեջ են:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «իր բիզնեսներով զբաղվում է իր տղան», քանի որ բախտը չի  բերել կնոջ առումով, որպեսզի նա զբաղվի բիզնեսով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի