Բոլորն էլ հասկանում են, թե ՀԱԿ-ն իրենից ինչ է ներկայացնում, մի քանի մարդու հանած` Արամ Սարգսյան եւ այլն, մնացած բոլորը այլ երկրների «ագենտներ» են եւ կատարում են ուրիշ երկրների պատվերը: Այս մասին այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը` հավելելով, որ դրսից ղեկավարվող մարդկանց ինքը բացասական է վերաբերվում:

Նրա խոսքով` ՀԱԿ-ին նորմալ մարդը լուրջ չի վերաբերի, բոլոր բղավում են, որ գործարարներին չի կարելի մտնել Ազգային ժողով, բայց ՀԱԿ-ի ցուցակում բոլորը գործարար են: «Հլը մի հատ էդ ՀԱԿ-ի ցուցակը նայեք, ծերից ծեր սաղ գործարար են, բացի 1-3 համարից: Գործարարը միայն կոնֆետ կամ  պաղպաղակ վաճառողը կամ ներկրողը չէ, գործարար է այն մարդը, ով տարբեր գործարքների մեջ է մտնում տարբեր սպեցսլուժբաների, հատուկ ծառայությունների հետ, գումարներ է վերցնում, նրանք էլ են գործարար, ծերից ծեր գործարարներ են»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ՀԱԿ-ը դեռ ցուցակը չի ներկայացրել, ինչպե՞ս եք ծանոթ նրանց ցուցակին, նա կեսկատակ, կեսլուրջ նշեց, որ «իրենք ուղարկում են ցուցակը, մինչեւ ինքը չի ստորագրում, ցուցակը չի հաստատվում», ու լավ կլիներ, որ միայն ինքը ղեկավարեր, այդ դեպքում կծառայեին ժողովրդին, բայց ՀԱԿ-ը մի քանի տեր ունի: 

Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին, նա կարծիք հայտնեց, որ «ժողովուրդն այնքան խոհեմ է, որ մի անգամ սխալվել է, երկրորդ անգամ չի սխալվի»:

Ռուբեն Հայրապետյանը վիրավորվեց, երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց նախորդ ընտրություններում Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից իր դեմ առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի մասին: «Վիրավորում եք, երեխեք ջան, Իգիթյանը ո՞նց կարող է ինձ հակառակորդ լինել, Իգիթյանը սկի ինքն իրեն հակառակորդ չի կարող լինել»,- ասաց նա` հավելելով որ այն մարդուն, ում ժողովուրդն ընտրի, նույնիսկ` Իգիթյանին, արժանի փոխարինող է իրեն:

Նա վստահ է, որ նոր խորհրդարանը նախորդից լավն է լինելու, գուշակություններ չի անում, բայց ցանկանում է, որ իր կուսակցությունը հաղթի ձայների ճնշող մեծամասնությամբ: