Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն, այսօր` մարտի 15-ին, ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Վի Սոն Լակին (Wi Sung Lac) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Վի Սոն Լակը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման համար:
Փոխնախարար Մանասարյանը եւ Վի Սոն Լակը անդրադարձել են քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակին:
Հատկապես կարեւորվել են փետրվարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Կորեա այցի արդյունքները, մարտի 26-27-ին Կորեայում նախատեսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը, մայիս-օգոստոսին Յոսու Կորեա 2012 համաշխարհային ԷՔՍՊՈ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կորեայի միջեւ ակտիվ համագործակցությունը, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Կորեայում այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը։
Սերգեյ Մանասարյանը եւ Վի Սոն Լակը կարծիքներ են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:




























