Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին չի ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: «Այդ տարիներին Հայաստանի Ազգային ժողովը բանաձեւ էր ընդունել՝ արգելելով որեւէ պաշտոնյայի՝ ստորագրել որեւէ փաստաթղթի տակ, որով Ղարաբաղը կարող է ընդգրկվել Ադրբեջանի կազմում, եւ որեւէ պաշտոնյա այդ տարիներին չի խախտվել ԱԺ այդ որոշումը»,- հիշեցրեց Արզումանյանը:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ապա ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի պնդմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992 թ. «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում նշել է, որ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում, Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Ես նման հարցազրույց չեմ տեսել: Մինչ Շարմազանովը՝ արդեն 10 տարի է այդ „Կոմսոմոլսկայա Պրավդայի“ մասին խոսում է Շավարշ Քոչարյանը, որին ես բազմիցս հորդորել եմ այդ հարցազրույցի օրինակը տալ ինձ, սակայն նա դա չի արել: Հավանաբար այն միակ օրինակը, որը հասել էր Հայաստան, Շավարշը կերել է: Թող հրապարակեն, տեսնենք: 1992թ., երբ Հայաստանի բանակը զբաղված էր սահմանների պաշտպանությամբ եւ Լեռնային Ղարաբաղն ազատագրելով, երբ ՀՀ բանակը բացում էր Լաչինի միջանցքը, ազատագրում էր Շուշին, որպես լուծում պատկերացնեի՞նք Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարությունը: Դա աբսուրդ է»: