Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մարտի 19-ին, դատավոր Արթուր Թամրազյանը վճռել է հօգուտ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ եւ պարտադրել տպագրել հերքում: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որեւէ մեկնաբանության, դատավորը մերժել է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` հրապարակային ելույթի ... բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք... յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Այս առնչությամբ, «Ժողովուրդ» թերթը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ժողովուրդ»-ը պահպանել է օրենքների, էթիկայի ու բարեխղճության բոլոր նորմերը: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` իրականացրել է մասնագիտական օրինական գործունեություն եւ վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրել է ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը: Սակայն այս պարզ ճշմարտությունը չհասկանալով` դատավոր Թամրազյանը վճռել է. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրություն գումար»: Լավ է միայն, որ պաշտոնապես արձանագրվեց, որ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2.5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:

Դատավորը նույն վճռով մերժել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի: Օրաթերթն էլ մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում՝ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է «Ժողովուրդ»-ի բարի համբավը: Բայց դատավորն այդ կարծիքին չէ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը եկել է եզրակացության, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թամրազյանի կայացրած վճիռը բխում է բացառապես գործադիր իշխանության շահերից: Նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, մարզպետ Նվեր Պողոսյանի ուղղակի ազդեցության տակ եւ կատարել է նրա կամքը:

Այս վճռով` անկախ տուգանքի չափից, գործող իշխանությունները փորձ են անում համապետական ընտրություններից առաջ լռեցնել, սանձել ազատ խոսքը: Եւ քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը վճիռն համարում է անօրինական, ուստի հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին՝ չնայած որ ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը շատ է անհրաժեշտ այդ 100 հազար դրամը: 

Վերջում կրկին ուզում ենք հայտարարել, որ անկախ կայացված ապօրինի եւ հակասահմանադրական վճռի բովանդակությունից, «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում նահանջել: Մենք կշարունակենք բարձրաձայնել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների մասին` ինչքան էլ որ դրանք դուր չգան փոխվելու խոստում տված ՀՀԿ-ին, «Բարգավաճ երկիր կառուցող» ԲՀԿ-ին կամ ինքնադրսեւորման քայլեր կատարող ՕԵԿ-ին»: