Ավան վարչական շրջանն ընդգրկող Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով ինքնաառաջադրվել է հայտնի լրագրող Գայանե Առուստամյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից, Շահումյանի շրջանի Գաղթուտ գյուղի ջոկատի հրամանատար Բենյամին Տեր-Սարգսյանի դուստրն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Գայանե Առուստամյանը:
Նշենք, որ այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Գայանե Առուստամյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի հետ անձնական խնդիրներ չունի եւ առաջադրման պատճառը դա չէ, ավելին` այսօր, երբ ինքն առաջադրվել է, Ռուբեն Հայրապետյանը դեռ չէր առաջադրվել: «Ես Ռուբեն Հայրապետյանի հետ անձնական խնդիրներ չունեմ եւ,երբ ես առաջադրվել եմ այնտեղ, ոչ մի առաջադրված թեկնածու չի եղել, ես առաջինն եմ եղել»,- նշեց նա` բացառելով իր թեկնածությունը հանելու հավանականությունը: «Ես քայլ եմ անում եւ այդ քայլից չեմ հրաժարվի: Այդ քայլը անում եմ գիտակցված եւ սկզբունքորեն»,- նշեց լրագրողը:
Գայանե Առուստամյանը միայնակ չի գնում ընտրապայքարի, նա խնդրել է ՀԱԿ-ին` սատարել իրեն, եւ նրանք իրեն չեն մերժել: Լրագրողին հատկապես սատարելու է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդի իշխանություն» հասարակական, քաղաքական նախաձեռնությունը:
NEWS.am-ի հարցին, թե Ռուբեն Հայրապետյանին ուժե՞ղ մրցակից է համարում, լրագրողը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, եթե պատգամավորի թեկնածուի միակ առավելությունը պետք է լինի բանավոր խոսքին տիրապետելը, քաղաքական իրավիճակը ճիշտ ներկայացնելը, սեփական գաղափարները հստակ ձեւակերպելը եւ ներկայացնելը, օրենսդրական գործունեությունը պատկերացնելու առումով, մեծամտություն թող չընկալվի, բայց ես կարծում եմ, որ ես թույլ մրցակից չեմ Ռուբեն Հայրապետյանի համար»:




























