Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, մարտի 21-ին, հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ դոկտոր Օսամա էլ-Ֆուլիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարեւորվել է Ալեքսանդրիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ անմիջական շփումների հաստատումը: Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին եւ փոխանցել համակարգող հանձնախմբի հրավերը՝ ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:

Նահանգապետ Էլ-Ֆուլին շնորհավորել է Երեւանը` 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` հիշելով, որ այդ նույն տիտղոսն Ալեքսանդրիան կրել է 2002թ.: Նա նաեւ առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդրիայի հայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` քաղաքի յուրահատուկ մշակութային դիմագծի պահպանման եւ զարգացման գործում: