«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո եւ «Երիտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ, ապրիլի 13-ին կազմակերպում է ժողովրդական երգի եւ ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին:

Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին ժամը 19-00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Տոմսերի արժեքն է 1000, 2000 եւ 3000 դրամ:

«Այս միջոցառումը հերթական մարտահրավերն է բոլորիս համար. մեզ հերթական անգամ հնարավորություն է ընձեռվում հաճելի երեկո անցկացնել` վայելելով սիրված արտիստների կատարումները, եւ մեր լուման ներդնել փոքրիկ Էլենի բուժման գործում:

Հանուն 6-ամյա աղջնակի կյանքի ելույթ են ունենալու Լեյլա Սարիբեկյանը, Սեւակ Ամրոյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն, Ալլա Լեւոնյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Գուրգեն Դաբաղյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Մանիկ Գրիգորյանը եւ ուրիշներ: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել (055) 119-027 եւ (094) 952-099 հեռախոսահամարներով:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ասատուր Ասլանյանին համերգի կազմակերպման բարդ եւ պատասխանատու գործընթացը հանձն առնելու համար, ինչպես նաեւ մասնակից արտիստներին, ովքեր մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց համաձայնությունը տվեցին` մասնակցելու այս բարեգործական միջոցառմանը:

Փոքրիկ Էլենի մոտ 2010 թվականի մարտին քաղցկեղ է ախտորոշվել՝ նեյրոբլաստոմա: Երեխայի ընտանիքը ստիպված տեղափոխվել է Իսրայել, որպեսզի աղջիկը պատշաճ բուժում ստանա, այժմ էլ Գերմանիայում են կիրառվում բուժման նորարարական մեթոդներ, որոնք պետք է հանգեցնեն Էլենի ամբողջական վերականգնմանը: Գերմանական կլինիկայի կողմից պատրաստված նոր ծախսերի նախահաշիվը մոտ 170 000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի:

Էլեն Դիլանյանին աջակցել ցանկացողների համար ներկայացնում ենք դրամի փոխանցման համարը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC Bank Armenia), դրամային հաշվեհամար՝ 002-042125-020, դոլարային հաշվեհամար՝ 002-042125-120»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: