Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 6-ին երկու անգամ տեղի ունեցած երկրաշարժը մեծ իրարանցում է առաջացրել, մարդիկ խուճապահար տնից դուրս են վազել. Երկու անձ հոսպիտալացվել է՝ փախչելիս կոտրվածք ստանալու պատճառով:

NEWS.am-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժնից հայտնեցին, որ երեկ օրվա ընթացքում 67 կանչ է գրանցվել. ի դեպ համեմատելով հուլիսի 5-ի հետ՝ կանչերի թիվը 10 տոկոսով ավելին է եղել:

«Մարդիկ ուզեցել են փախչել տնից, տրավմաներ են ստացել, վախից նյարդային համակարգի խնդիրներ են առաջացել: Մի մարդ ոտնաթաթի շրջանում կոտրվածք է ստացել փախչելու ընթացքում, դիմել է հիվանդանոց: Մի կնոջ էլ մենք ենք շտապօգնության մեքենայով տեղափոխել, քանի որ ուսային հոդի շրջանում վնասվածք ուներ»,- ասաց շտպօգնության բժիշկ Տիգրան Ենգոյանը:

Նշենք, որ ԱԻՆ-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը ժամը 11:00-ի սահմաններում եղել է 3 բալ, իսկ գիշերը 03:00-ին մոտ՝ 3-4 բալ: Մինչդեռ վանաձորցիները NEWS.am-ին պատմեցին, որ գիշերն ամբողջ քաղաքն անցկացրել է փողոցներում, իսկ ուժգնությունն էլ առնվազն 5 բալ է եղել:

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում: