Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալված 44-ամյա Մանվել Վարդանյանին այսօր կամ վաղը մեղադրանք կառաջադրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նա նշեց, որ եռօրյա ժամկետը լրանում է վաղը, մինչ մեղադրանք առաջադրելը մի շարք քննչական գործողություններ կան, որ պետք է արվեն, մասնավորապես՝ տուժողներին հարցաքննելը: երբ դա արվի, ավարտվի, մեղադրանք կառաջադրեն եւ կդիմեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ի դեպ, կասկածյալը դեռ փաստաբան չունի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: