Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մարտի 23-ի վաղ առավոտյան նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 70-ամյա կնոջ հարեւանները պնդում են՝ նա այդ քայլին է դիմել պարտքերի պատճառով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 70-ամյա Զեմֆիրայի հարեւանները պատմեցին, որ նա աշխատում էր Երեւանի «Մալաթիա» շուկայում:
«Կանաչի էր վաճառում, առավոտ շուտ գնում էր, երեկոյան ուշ վերադառնում: Հարեւաններից ոչ մեկի հետ չէր շփվում, բայց պարտքեր ու վարկեր ուներ: Մեկ բանկի աշխատողն էր գալիս, մեկ գազի տեսուչը: Ինքն էլ երեւի չդիմացավ ու որոշեց էդ քայլին դիմել»,- ասացին հարեւանները:
Կինն Էջմիածնում միայնակ էր ապրում, որդին Ռուսաստանի Դաշնությունում էր:
«Վարձով էր ապրում, գիտենք, որ վարձն էլ չէր կարողանում տալ»,- ասացին հարեւանները:
Նշենք, որ կինն ինքնասպանություն է գործել ճաղավանդակներից կախվելու միջոցով: Նրա մոտ հայտնաբերվել է գրություն, որտեղ ասվում է, որ այդ քայլին է դիմել պարտքերի պատճառով:




























