Վանաձորում 4 մանկապարտեզ արդեն 20 տարուց ավելի գործում է տնակներում, իսկ մանկապարտեզի  հիմնական տիպային մասնաշենք կառուցելու վերաբերյալ կառավարության որոշում կամ ծրագիր առայժմ չկա:

Դա նշանակում է, որ այդ նախակրթարանները  առաջիկա մի քանի տարիներին եւս կգործեն տնակային պայմաններում ու կջեռուցվեն փայտե վառարաններով: Հետաքրքիրն այն է ` երեխաների թվով ամենամեծ մանակապարտեզները Վանաձորում հենց  տնակայիններն են, հետեւաբար, ոլորտի մասնագետները օպտիմալացում կազմակերպելն անհեռանկարային  են համարում:

«Տնակային այս պայմանները համարվում են ժամկետանց, քանի որ տնակները 20 տարուց ավելի տարիք ունեն ու համարվում են ֆիզիկապես մաշված: Կարկուտը պատուհաններն է կոտրել, քամին տանիքն է վնասել, իսկ հատակն այնքան է մաշվել, որ անցուդարձ անելիս զգուշանում ենք , որ երեխաները  չընկնեն ու հանկարծ չվնասվեն»,- ասում է  Վանաձորի թիվ 8 նախակրթարանի տնօրեն Աննա Դարբինյանն ու հավելում. «20 տարվա ընթացքում մեկ անգամ միայն նախակրթարանի տանիքն է  վերանորոգվել»: