News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մայիսի 17-ին ստորագրել են երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի եւ սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում, երկու քաղաքների բնակչության միջեւ տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում եւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն եւ Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան եւ ծանոթացել Գյումրի, Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան եւ Այրում քաղաքներին:

Քաղաքապետեր Լեորենաուն եւ Սանթրոսյանը, ինչպես նաեւ դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջեւ այժմ բարեկամության եւ համագործակցության նոր էջ է բացվում:

Նշենք, որ Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ընկած Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրական ճանապարհների վրա, ուր միջնադարից բնակություն են հաստատել հայերը: Քաղաքում դեռեւս կանգուն են 1609թ. հիմնված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին` ճարտարապետական գեղեցիկ կազմվածքով, ներքին հարուստ հարդարանքով եւ հայկական հազվագյուտ սրբապատկերներով, եկեղեցուն հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի հիմնականում մտավորական խավից կազմված փոքր հայ համայնք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ