News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ձերբակալվել է թալիշերենով հրատարակվող  Tolishi Sado (Թալիշի ձայն) թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը: Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է, որ խմբագրին առեւանգել են անհայտ անձինք:

Մամեդովի հարազատները հայտնել են, որ նա տնից դուրս է եկել առավոտյան ժամը 10-ին եւ գնացել հիվանդանոց` հարազատին տեսակցելու: Ժամը 11:30-ին Մամեդովը զանգահարել է տուն եւ ասել, որ կվերադառնա 30 րոպեից: Դրանից հետո նա անհետացել է:

«Ժամը 14-15:30-ն ընկած ժամանակահատվածում նրա բջջային հեռախոսի զանգերին պատասխանել է անհայտ տղամարդու ձայնը, որն ասել է, որ Գիլալ Մամեդովը չի կարող մոտենալ հեռախոսին, նրան քննում է բժիշկը: Ժամը 15:30-ից հետո նրա հեռախոսն անջատվել է: Ժամը 16:20-ին Գիլալ Մամդեովի հեռախոսին զանգահարել է եղբայրը` Մոսկվայից. Նրան պատասխանել են, որ Գիլալը ձերբակալված է` առանց որեւէ բացատրություն տալու»,-ասված է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հայտարարության մեջ:

Միայն 17:30-ին մայրաքաղաքի ոստիկանությունը հաստատել է Մամեդովի ձերբակալման լուրը` թմրամիջոցների ապօրինի պահման մեղադրանքով, հաղորդում է contact.az-ը:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը սա գնահատում է որպես քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ճնշում եւ պահանջում իշխանություններից անհապաղ ազատ արձակել նրան:

Ինստիտուտը հիշեցնում է, որ 2008-ի փետրվարին կալանավորվել էր Tolishi Sado թերթի նախկին գլխավոր խմբագիր, պրոֆեսոր, լինգվիստ Նովրուզալի Մամեդովը: Արդյունքում նա շինծու` Իրանի դեմ լրտեսության մեղադրանքով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման եւ մահացել բանտային հիվանդանոցում` խոշտանգումների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ