ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը սեպտեմբերի 1-ը դիմավորել «ակադեմիական քաղաքում»։
Նա facebook–ի իր էջում «լայվ» է մտել այդ տարածքից և ցուցադրելով ամայի ու քարքարոտ տարածքը՝ նշել. «Ես որոշեցի այսօր սեպտեմբերի 1–ը դիմավորել Ակադեմիական քաղաքում։ Ես հիմա գտնվում եմ այդ ակադեմիական քաղաքում, որ այս կառավարության գլխավոր գերակայություններից էր՝ ունենալ նման քաղաք։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ են մեր ակադեմիական քաղաքի շինությունները, ինչ գեղեցիկ են ակադեմիական քաղաքի փողոցները։ Այստեղ դուք տեսնում եք կրթական տարբեր կլաստերները, տեսնում եք, թե ինչ լայն, գեղեցիկ փողոցներ են, դասախոսների համար առանձին հանրակացարաններ, ուսանողների համար առանձին հանրակացարաններ, բոլոր կրթական պայմանները ստեղծվել են։
Մեր կառավարությունը հռչակել էր իր ծրագրում, որ կրթությունը ամեն ինչից առավել է, որ ամենամեծ կարևորությունը կառավարությունը տալիս է կրթությանը, չնայած այս տարվա սեպտեմբերի 1–ից մոտ 229 հանրակրթական դպրոցներում աշակերտները զրկված են իրենց դպրոցներ այցելելու հնարավորությունից, այդ դպրոցները, ըստ էության, պետք է փակվեն։
Կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով պետք է փակվեն մինչև 4000 ուսանող ունեցող բուհերը, դրանք գրեթե բոլոր մարզային բուհերն են՝ բացառությամբ Շիրակի պետական համալսարանից։ Վտանգված է Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը։ Այդ ամենը արվում է, որպեսզի մեր երկրում կառուցվի ակադեմիական քաղաք, ահա խնդրեմ, Ակադեմիական քաղաքը ձեր առջև, ահա սա է այն հրաշալի քաղաքը, այդ կրթական մեծ քաղաքաշինական նախագիծը, որը իրականացնում է մեր կառավարությունը մեր ժողովրդի, մեր բոլորի համար»,–հեգնանքով նշել է պատգամավորը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։





























