News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես վայր է դրել իր լիազորությունները:

Այս մասին նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը` կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը

Ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին`  19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ