Ստամբուլի կենտրունում գտնվող Գեզի այգում հերթապահող ակտիվիստների դեմ հունիսի 15-իերեկոյան ոստիկանությունը կտրուկ գործողությունների է անցել`վնասվածքներ հասցնելով բազմաթիվ քաղաքացիների:

 

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը երեկոյան նամազն ավարտվելուց հետո Գեզի այգու ակտիվիստներին զգուշացրել է հեռանալ այնտեղից`զգուշացնելով միջամտության մասին, սակայն այգում գտնվողներից ոչ-ոք տեղից չի շարժվել:

Ոստիկանությունը րոպեներ անց անցել է գործողությունների՝ սկզբում օգտագործելով ջրցան մեքենաները, որին հետեւել են արցունքաբեր գազով ռումբերին: Գեզի այգու հարեւանությամբ գտնվող Դիվան հյուրանոցում ապաստանած ակտիվիստները չեն փրկվել ոստիկանության հետապնդումից, քանի որ ոստիկաններն արցունքաբեր գազով ռումբեր են նետել նաեւ հյուրանոցից ներս:

Մինչ այգին մտած ոստիկանները ապամոնտաժում են տեղադրված վրանները, Ստամբուլի տարբեր թաղամասերից փողոց են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ`բողոքելով ոստիկանության անմարդկային վերաբերմունքի դեմ:

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության նետած արցունքաբեր գազով ռումբերի հետեւանքով մարդ է մահացել, իսկ վիրավորների քանակը դեռ հստակ չէ:

Դեպի Թաքսիմ տանող փողոցներում ուշ գիշերով շարունակվում են Գեզի այգու համար դիմակայության դուրս եկած քաղաքացիների եւ ոստիկանների բախումները:

Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: