Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունիսի 18-ին, ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:
Նշենք, որ Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, համարում է, որ ինքն ինքնապաշտպանության է դիմել: Նա իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, սակայն մերժվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաեւ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:




























