Վայք-Զառիթափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով ոտքը կորցրած 16-ամյա  Լիլիթ Աբրահամյանի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Նա նշեց, որ օրը առնվազն 5 անգամ այցելում է աղջկան, նա դեռ երկար կմնա հիվանդանոցում: «Ապագայում ոտքը պետք է երկարացնենք, 1-1,5 ամսից հետո կսկսենք ոտքը երկարացնել: Ինքը տեսել էր ոտքը պոկված վիճակում, ասաց` պապան ինչքան էլ էս ու էն  կողմ էր անում, ես տեսա, որ ոտքս պոկվել է: Հերոս, ուժեղ աղջիկ է, լավ է լինելու: Ասում է. «Էնքան ուրախացա, որ տեսա ոտքս տեղում է»,- ասաց  բժիշկը:

Արտավազդ Սահակյանն ասաց, որ Լիլիթը երկար ժամանակ կմնա հիվանդանոցում, առնվազն մեկ ամիս:

Նշենք, որ Լիլիթ Աբրահամյանին երեք անգամ վիրահատել էին, վերջին երկու վիրահատությունը արել էր Արտավազդ Սահակյանը, դա տեւել էր 9 ժամ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղեւորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը եւ 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը եւ Ա. Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը եւ Լ. Աբրահամյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: