Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, եթե ես ինչ-որ մեկին սպառնացել եմ, դրա համար կա օրենք, դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, սպառնացել է վերացնել «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցին:
Նա տեղեկացրեց, որ ճանաչում է Լիանա Շահբազյանին, իր մոտ է աշխատել, «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի, էն որ պարտք է ինձ, ես գիտեի, բայց գիտեմ նաեւ, որ շատ-շատերին է պարտք ու շատ վաղուց, գումարներ վերցրել է տարբեր պատրվակներով, հիմա պարտքերը փակելուց խուսափելու համար ինչ կուզի, կասի: Զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ», -ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Պատգամավորը նաեւ նշեց, որ մեկ շաբաթ է Հայաստանում չէ, կվերադառնա մի քանի օրից եւ կհասկանա, թե ինչ է կատարվում:
Նշենք, որ «Փաստինֆոն» գրել էր, որ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: «Փաստինֆո» գործակալության՝ հավաստի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Շահբազյանի հաղորդման հիման վրա, ով երկար տարիներ աշխատել է «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող: Նշված ընկերության հիմնադիրն Աշոտ Աղաբաբյանն է: Լ. Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Ընդ որում, գումարը նրան տվել է ոչ թե անձամբ Աղաբաբյանը, այլ նույն ընկերության աշխատակից Արմեն Այվազյանը` Աղաբաբյանի հանձնարարությամբ: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի եւ ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Պայմանավորվածության համաձայն՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի հետ գնացել են «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը, սակայն Գագիկ Ժամհարյանը հայտնել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը չի կարող տրամադրել: Արդեն «Հրազդան» մարզադաշտում Գագիկ Ժամհարյանը, ըստ դիմումատուի, առաջարկել է իրեն Աշոտ Աղաբաբյանի անվամբ տալ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում եւ ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին ինքը չի համաձայնել: Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաեւ պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաեւ ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչեւ պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին ինքը չի համաձայնել, ապա նաեւ նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան: Լ.Շահբազյանի ենթադրությամբ հնարավոր է այն առեւանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը: Ի դեպ, Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաեւ հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում եւ վախենում նշված սպառնալիքից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Իսկ ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նյութերը դեռ չեն ստացել:





























