Հնդկաստանի արեւելքում երկաթուղային զոհերի թիվը հասել է 35-ի: Զոհերի մեծ մասը կանայք եւ երեխաներ են, հայտնում են հնդկական լրատվամիջոցները: BBC News-ը հայտնում է 37 զոհերի մասին:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում ուղեւորատար գնացքն օգոստոսի 19-ին վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք ելնում էին մեկ այլ գնացքից: Միջադեպը գրանցվել է երկրի հյուսիսարեւելյան Բիհար նահանգում՝ Դհամարա երկաթուղային կայարանի մերձակայքում: Նախկինում հաղորդվել էր 24 զոհերի մասին:
NDTV հեռուստաալիքը նշում է, որ գնացքը բախվել էր մարդկանց մի խմբի, երբ վերջիններս դուրս էին գալիս մեկ ուրիշ գնացքից եւ անցնում երկաթգծերը: Ըստ Բիհարի երկաթգծերի նախարար Ադհիր Չովդհարիի` գնացքը շարժվել է 80կմ/ժ արագությամբ: Գնացքը վերջնականապես կանգ է առել միայն մարդկանց հարվածելուց մի քանի րոպե անց:
Միջադեպից հետո կատաղած ամբոխը հարձակվել է գնացքի մեքենավարի վրա եւ նրան մահացու ծեծի ենթարկել, հայտնում է NDTV-ն: Գնացքի մյուս աշխատակիցները պատանդ են վերցվել: Մինչդեռ The Hindustan Times-ը պնդում է, որ գերիների շարքում է նաեւ մեքենավարը: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այժմ մեքենավարը քաղաքի հիվանդանոցում է` ծանր վիճակում:
Մարդիկ նաեւ քարեր են նետել վագոնների վրա եւ հրդեհել դրանք: Ըստ այլ տվյալների` հրդեհվել են եւս մի քանի գնացքներ, որոնք այդ պահին եղել են երկաթգծերին: Բացի դրանից, ըստ ականատեսների, ամբոխը հարձակվել է մոտակա կայարանի վրա:
Lenta.ru-ն հայտնում է, որ ներկայումս վթարի վայրում երթեւեկությունը դադարեցվել է:





























