Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարան բողոք է ներկայացրել ընտրապայքարից իր մրցակցին, մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինին հեռացնելու պահանջով: Նավալնին պնդում է, որ Սոբյանինն անօրինական է առաջադրվել, քանի որ չի ստացել նախագահի համաձայնությունը:
Օգոստոսի 19-ին Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքային ԸՀ-ին վերջնագիր է ներկայացրել: Նա պահանջում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացնել, ըստ որի` Սերգեյ Սոբյանինին թույլատրվում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել: Հակառակ դեպքում Նավալնին խոստացել է դիմել դատարան, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նավալնին կարծում է, որ, հնարավոր է, ՌԴ նախագահի գրավոր թույլտվություն գոյություն չունի, քանի որ այն չկա Կրեմլի փաստաթղթերի բազայում: Ընդ որում, Մոսկվայի քաղաքային ԸՀ-ում վստահեցրել են, որ նման փաստաթուղթ գոյություն ունի: Սոբյանինի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան օգոստոսի 19-ին lenta.ru-ին ասել էր, որ նման փաստաթուղթ կա, սակայն հրաժարվել էր այն ներկայացնել խմբագրությանը:
Ըստ օրենքի` իր պաշտոնում մեկ տարուց ավելի աշխատած եւ վաղաժամ հրաժարական տված մարզի (Մոսկվան դաշնային նշանակության քաղաք է) ղեկավարը պետք է ունենա համաձայնություն` իր իսկ պաշտոնում առաջադրվելու համար:
Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 8-ին: Բացի Սոբյանինից եւ Նավալնուց` ընտրություններին մասնակցում են Սերգեյ Միտրոխինը, Իվան Մելնիկովը, Նիկոլայ Լեւիչեւը եւ Միխայիլ Դեգտյարովը:




























