ՌԴ պաշտպանության նախարար Սերգոյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է վերակազմավորել արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ պաշտպանության նախարարությանը ենթակա կառույց դարձնելով, գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով ՊՆ աղբյուրը։
Ռուսական ղեկավարությունը քննարկման է վերցրել հարցը։ Կրեմլը ԱԻՆ-ը վերակազմավորելու որոշում կարող է կայացնել ավերիչ ջրհեղեղներից տուժած Հեռավոր Արեւելքում զինվորականների եւ փրկարարների գործողությունների արդյունավետության վերլուծություն կատարելուց հետո:
Եթե Շոյգուի նախաձեռնութունը հավանության արժանանա, ԱԻՆ-ի աշխատակազմը կկրճատվի, իսկ գերատեսչությունը ՊՆ-ի ենթակա կառույց կդառնա։ Միաժամանակ, փրկարարական գերատեսչության առանձին բաժինները, օրինակ՝ հրշեջ ծառայությունը, շրջաններում կշարունակեն գործել։
Բանակի եւ փրկարարների փոխգործակցությունը կուժեղանա, իսկ զինվորական ստորաբաժանման վրա կդրվի տեխնոլոգիական եւ բնական աղետների հետեւանքների վերացման գործը։
ՊՆ-ն նաեւ կտնօրինի ԱԻՆ-ի բյուջեն, որը ազգային պաշտպանությանը հատկացվող միջոցների գրեթե 10%-ն է կազմում։





























