Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ինքնառաջադրված, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը երեկ` օգոստոսի 11-ին, ընտրագրավի խնդրով դիմել է Վարչական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պավլիկ Սարգսյանը:
Ինքնառաջադրված թեկնածուն պահանջում է հակասահմանադրական ճանաչել ընտրագրավի մասին Ընտրական օրենսգրքի կետը, իր ընտրարշավի համար պահանջվող բոլոր ծախսերը կատարի Կառավարությունը եւ այլն: Նույն պահանջով նա նաեւ դիմել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Պավլիկ Սարգսյանը նշեց, որ տարբեր անհատների կողմից առաջարկություններ են եղել վճարելու իր ընտրագավը, քարոզարշավի ծախսերը, սակայն ինքը հրաժարվել է, չի ընդունել այդ օգնության առաջարկը, քանի որ «սկզբունքի հարց է, չի կարող ոտնատակ անել Սահմանադրությունը, եւ իր ընտրագրավը պետք է վճարի Կառավարությունը»: « Բա՞ հարգանքը իմ անձնական կարծիքի նկատմամբ, բա՞ սահմանադրության նկատմամբ,եթե անեմ այդ քայլը, ես նրանցից չեմ տարբերվի, ես ուզում եմ լինել ազատ երկրի ազատ քաղաքացի»,-իրեն առաջարկվող օգնությունից հրաժարվելը այսպես մեկնաբանեց Պավլիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Տիգրան Սարգսյանը երեկ ինքնաբացարկ է ներկայացրել:
Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչեւ ս.թ. օգոստոսի 25-ը:





























